Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, այսօր` հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը:
Նիստը մեկնարկեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի հրաժարականի մասին հայտարարությամբ: Գլխավոր խնդիր հայտարարելով Լոնդոնի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելը` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Ալեքսան Ավետիսյանը նշանակվում է ՀԱՕԿ-ի փոխնախագահ, իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կառավարումը կիրականացնի միջազգային ֆեդերացիայի գործուղած մասնագետը:
«Անգնահատելի քայլ է, որ միջազգային ֆեդերացիայի նախագահն իր գործերը թողած եկել է Հայաստան մեր խնդիրները հարթելու համար: Ճիշտ լուծում տալու համար, Ալեքսան Ավետիսյանը հրաժարական է տվել: Մենք պետք է շարունակենք նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Ես խնդրել եմ միջազգային ֆեդերացիայից համապատասխան մասնագետ ներկայացնել մինչեւ հոկտեմբերի վերջ: Այդ անձին վարձատրելու է միջազգային ֆեդերացիան: Այն մարդը, որին կառաջարկի Հայաստանի ֆեդերացիան կլինի երկրորդ մարդը ֆեդերացիայում եւ կլինի համատեղ ղեկավարություն` երկու ստորագրությամբ: Մինչեւ հոկտեմբերի վերջ Վիզերը նաեւ կուղարկի ամենալավ մարզչին, որի աշխատանքը կֆինանսավորի ՀԱՕԿ-ը: Ալեքսան Ավետիսյանը կլինի ՀԱՕԿ-ի փոխնախագահ, կհետեւի ձյուդոյի բոլոր աշխատանքներին; Միասնական պետք է աշխատենք մինչեւ Օլիմպիական խաղերը»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Այսօրվանից ձյուդոյի ֆեդերացիան մինչեւ ընտրությունը կղեկավարի ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:




























