Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտադիր է Կասպից ծովում ստեղծել ռազմածովային բազա եւ սահմանապահ ուժեր, իր երկրի ծովային սահմանը «օտար ոտնձգություններից» պաշտպանելու նպատակով, անսպասելի չէր, քանի որ այդ երկրի իշխանությունները արդեն վաղուց էին հայտարարում նման ցանկության մասին: Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը: «Այլ հարց է, թե ընդհանրապես որքանո՞վ կարելի է թուրքմենական կողմի նման հայտարարությունները լուրջ համարել: Գաղտնիք չէ, որ Կասպից ծովը վաղուց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ազդեցության գոտիների է բաժանված, ուստի այդ տարածքում թուրքմենական ռազմածովային բազայի ստեղծումը չի կարող տեղի ունենալ առանց այդ գերտերությունների իմացության ու հավանության: Դրանում առավելապես կարող է հետաքրքրված լինել Ռուսաստանը, բայց որքան ես գիտեմ, պաշտոնական Մոսկվան այդ ուղղությամբ աշխատանքներ չի տանում, եւ, ամենայն հավանականությամբ, թուրքմենական ռազմակայանի հետ կապված ողջ այս պատմությունը միայն Աշգաբադի նախաձեռնությունն է»,- ասել է Սադիխովը:
«Բանն այն է, որ դեռ խորհրդային ժամանակներից Կասպից ծովում ուժեղ ծովային ենթակառուցվածներ եւ կադրային պոտենցիալ ունեցել են Ռուսաստանն ու Ադրբեջանը եւ Թուրքմենստանի համար երկրաբաններ, նավթագործներ ու ծովային մասնագետներ պատրաստում էր Բաքուն: Մինչ օրս Թուրքմենստանը խանդով է նայում այն ամենին, ինչ Կասպիցում անում է Ադրբեջանը, մասնավորապես իրականացվող նախագծերին: Եվ տեսանելի է, թե ինչպես պաշտոնական Աշգաբադը փորձում է իր տեղը գտնել Կասպից ծովի հետ առնչվող քաղաքական զարգացումներում»,- ընդգծել է քաղաքագետն ու հավելել. «Հնարավոր է, որ Ռուսաստանը դեմ չէ Թուրքմենստանի կողմից ռազմածովային բազա ստեղծելու նախաձեռնությանը, բայց դրա հետ մեկտեղ կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծել ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ համատեղ: Ցանկացած դեպքում, Ադրբեջանի համար որեւէ սպառնալիք չկա, Կասպից ծովում կլինի՞ թուրքմենական ռազմակայան, թե՞` ոչ, քանի որ Բաքվի ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովում են աշխարհի առաջատար տերությունները, որոնք վերահսկում են ողջ տարածաշրջանը»:



















