Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված 24 զինծառայող դեռեւս շարունակում է բուժումը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Վիրավոր զինծառայողներից երեքի վիճակն է ծանր՝ Հովհաննես Պողոսյան, Ռոլանդ Սահակյան եւ Ավետիս Զարգարյան:

Ավետիս Զարգարյանն ու Ռոլանդ Սահակյանը վիրավորվել են ապրիլի 4-ին Թալիշում: Նրանք դեռեւս գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Հովհաննես Պողոսյանը վիրավորվել է մայիսի 13-ին: Նա գլխի շրջանում վիրավորում էր ստացել, բժիշկների երկարատեւ պայքարից հետո այսօր Հովհաննեսը սկսել է խոսել եւ կամաց- կամաց քայլել: Հովհաննեսն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում նաեւ հունիսի վերջին Արցախում վիրավորված Ալբերտ Դալլաքյանը: Նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: