Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ կամրապնդեն կոշտ բռնապետական ռեժիմը։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումներին։

«Այս դեպքում ամեն բան շատ պարզ է։ Փոփոխությունների նպատակն է ինստիտուցիոնալ մակարդակով ձեւավորել կոշտ ավտորիտար ռեժիմը։ Ավելի ամրապնդել իշխանությունը մեկ մարդու ձեռքում»,– նշել է քաղաքագետը։ Նա նաեւ չի բացառել, որ նորամուծությունները հեռահար նպատակ են հետապնդում արագացնել Հեյդար Ալիեւ կրտսերի՝ իշխանական կառույցներում հայտնվելը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։