Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը մեկնարկային հարթակ է «Թոռ» պլանն իրագործելու համար։ Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումների որոշ դրույթներ։
«Ադրբեջանի դեպքում իրավունքի եւ օրենքների մասին խոսելու կարիք չկա։ Կարեւոր չէ, թե օրենքում ինչ է գրված, կարեւոր է, թե գործնականում ինչ է արվում»,– նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկը հետեւյալն է. փոփոխությունները հետագայում կաորղ են ֆորմալ առումով բազա ապահովել Ալիեւի կնոջը բարձր պաշտոնի նշանակելու համար։ «Մեծացող Հեյդար Ալիեւի համար նույնպես պետք է տեղ ճարվի Ապշերոնի վառ արեւի տակ։ Այդ պատճառով նախատեսվող փոփոխությունները կարելի է դիտարկել որպես «Թոռ» պլանի եւ պահեստային «Հարսիկ» պլանի սկիզբ»,– նշել է քաղաքագետը։
Նա նշեց, որ փոփոխությունների միջոցով Ալիեւը փորձում է տպավորություն թողնել, թե ամեն բան արվում է օրենքի շրջանակներում։ «Ինչպե ժամանակին նրա հայր Հեյդար Ալիեւը պայմաններ ստեղծեց որդու՝ իշխանության գալու համար»,– հավելեց Մարգարովը՝ նշելով, որ Ադրբեջանում անհրաժեշտության դեպքում ընդունվում են այն որոշումները, որոնք պետք են իշխանություններին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։





























