Արաբական Միացյալ Էմիրություններում սիրում են հայերին եւ նրանց հանրության կարեւոր մասն են համարում: Այս մասին հուլիսի 22-ին Երեւանում Հայաստանի հետ ներդրումային փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՄԷ փոխնախարար Յունիս Հաջի ալ-Հուրին:

Էմիրություններում հայ համայնքը գործում է 1970-ականներից, իսկ վերջերս երկրում բացվել է հայկական երկրորդ եկեղեցին, այս անգամ՝ Աբու Դաբիում: Եկեղեցու կառուցման համար հատուկ հրամանագրով տարածք է հատկացրել ԱՄԷ-ի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն-Զեյդ ալ-Նահայանը:

ԱՄԷ-ում հայերը գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում: Փոխնախարարի խոսքով՝ համայնքի մի քանի ներկայացուցիչներ նաեւ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում երկրի բանկերում: