Հայաստանում գիտության եւ տեխնիկայի թանգարանը ստեղծվել է 2008 թվականին, սակայն թանգարանը դեռեւս չի գործում, քանի որ դրա համար անհրաժեշտ տարածք չկա։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտության եւ տեխնիկայի թանգարանի հիմնադիրներից Ժիրայր Սեւոյանը։ Նրա խոսքով՝ թանգարանում արդեն հավաքվել է շուրջ 300 ցուցանմուշ՝ սարքեր եւ տարբեր առարկաներ, որոնք արտադրվել են Հայաստանում։

«Մեր նպատակն է հավաքել եւ հանրությանը ներկայացնել Հայաստանի եւ օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները  եւ գիտատեխնիկական նվաճումները»,-ասաց Ժ. Սեւոյանը: Նրա խոսքով` թանգարանը հնարավորություն կտա տարբեր ժամանակներում Հայաստանում արտադրված գիտատեխնիկական սարքավորումները, գյուտերի արտոնագրերն եւ այլ նյութերը ոչ միայն փրկել ոչնչացումից, այլեւ այդ ամենը ներկայացնել զբոսաշրջիկներին եւ հետագա սերնդներին:

«Հաճախ երիտասարդները ճանաչում են հայ անվանի երգիչների, ռեժիսորների, դերասանների, բայց ոչ գիտնականների, իսկ այս թանգարանը նպատակ ունի նաեւ բարձրացնել հայ գիտնականների հեղինակությունը` ներկայացնելով մեր գիտական պոտենցիալը եւ գիտնականներին»,-ասաց Ժ. Սեւոյանը: Նրա խոսքով` թանգարանին կից ցանկանում են ստեղծել նաեւ պատանի տեխնիկների խմբակ, որը կխթանի պատանիների մեջ սերը դեպի գիտությունը եւ տեխնիկան:

Ժ. Սեւոյանը վերջում կոչ արեց բոլորին աջակցել թանգարանին եւ տրամադրել տարբեր ժամանակների հայազգի գիտնականների վերաբերալ նյութեր եւ սարքավորումներ: Իսկ թանգարանի բացվելուն պես, երբ ցուցանմուշները ցուցադրվեն, դրանք տրամադրողների անունը կգրվի հենց ցուցանմուշի տեղեկատվական վահանակում:

Նշենք, որ ներկայումս թանգարանների ցուցանմուշները պահվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող National Instruments ամերիկյան ընկերության հայաստանյան գրասենյակի հատկացված տարածքում: