Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Դեյր Զորի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Հուսեյն Առնուսի գլխավորությամբ:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը նշել է, թե Սիրիայի հետ բազմաբնույթ համագործակցության զարգացումը մեր երկրի քաղաքական առաջնահերթություններից է:

Քննարկվել է հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջռեգիոնալ մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի Արմավիրի մարզի եւ Դեյր Զորի նահանգի միջեւ օրերս ստորագրված համագործակցության պայմանագրի դրույթները շատ շուտով կյանքի կկոչվեն` դառնալով երկու բարեկամական ժողովուրդների միջեւ արդյունավետ գործակցության եւս մեկ օրինակ:

Արմեն Գեւորգյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում մեր պատմության օրհասական պահերին Սիրիայի ցուցաբերած անգնահատելի աջակցությունը, իսկ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ: Նա հյուրերին տեղեկացրել է նաեւ, որ մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ եւ Հայաստանի կառավարության ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում արդեն ավարտին է հասցվել հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կառուցումը` ի երախտագիտություն Եղեռնից մազապուրծ հայերի նկատմամբ արաբ ժողովրդի սրտացավ վերաբերմունքի: