«Ժառանգություն» կուսակցությունը պարտադիր կարգով քվեարկության է դնելու Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը Ազգային Ժողովի հաջորդ քառօրյայի ընթացքում, եթե մինչ այդ խորհրդարանական ուժերը փոխընդունելի որոշման չհանգեն փաստաթղթի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունից առայժմ որեւէ առաջարկ չի ստացվել: «Բայց որպես ընդունելի տարբերակ մեզ համար կարող է լինել բոլոր խորհրդարանական ուժերի կողմից փաստաթղթի ստորագրումն ու ԱԺ մեծ օրակարգում հարցի ընդգրկումը»,- նկատել է Սաֆարյանը: Նրա կարծիքով, դա նվազ ռիսկեր կպարունակի, քան, ասենք, օրինագիծն ԱԺ-ին ներկայացնելն ու մերժվելը:  Հարցին, չէր գիտակցում արդյոք «Ժառանգությունը» այդ ռիսկերը, երբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկման ներկայացնելու որոշում էր կայացնում, Սաֆարյանն ընդգծել է. «Պետք է ասեմ, որ խորհրդարանի կողմից փաստաթղթի հնարավոր մերժումն ավելի պակաս ռիսկեր է պարունակում, քան Լեռնային Ղարաբաղի անկախության հարցի մերժումը Հայաստանի օրենսդիր բարձրագույն մարմնի կողմից տարիներ շարունակ»:

Սաֆարյանը նշել է նաեւ, որ «Ժառանգության» որոշումը՝ 15 օրով հետաձգել օրինագծի քվեարկությունը, պայմանավորված էր այն հանգամանքով, որ քննարկման ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն հարցով դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոստանալով մինչ այդ փոխզիջումային տարբերակ գտնել: «Բայց եթե խորհրդարանական մեծամասնությունը չպահի իր խոստումը, մենք օրինագիծը քվեարկության կդնենք արդեն հաջորդ քառօրյային»,- ասել է Սաֆարյանը:

Նշենք, որ խորհրարանական մեամասնությունը եռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծն անընդունելի է համարում: Միայն Դաշնակցությունն է հայտարարել, որ կողմ կքվեարկի «Ժառանգության» նախագծին: