Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում  հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին սպանած Նոդար Ակոպովի մայրը պնդում է, որ իր որդին չի սպանել նրանց: NEWS.am-ի հետ զրույցում Վաչիանի բնակիչներից տիկին Արմինեն նշեց, որ մեղադրյալի մայրը զանգել է Քաչոտյանների հարազատներին եւ հայտարարել, որ սպանությունը կատարել են այլ անձինք:

NEWS.am-ի հետ զրույցում Վաչիանի գյուղապետ Ֆեդյա Թորոսյանը նշեց, որ Նոդար Ակոպովի մայրն ինչ էլ որ ասի, փաստերն այլ բան են վկայում. նա արդեն ցուցմունք է տվել եւ մանրամասներ պատմել՝ ինպես է կատարել սպանությունը: Գյուղապետը նշեց, որ այս պահին հետաքննությունը շարունակվում է, իրավապահ մարմինները պարզում են՝ արդյոք այդ սպանության հետ այլ անձինք եւս որեւէ առնչություն ունեն:

Նոդար Ակոպովը կալանավորված է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով,  հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է  բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի: