Ստամբուլում հրատարակվել է համշենահայերի «Գոր» ամսագրի 4-րդ համարը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ինչպես հանդեսի նախորդ, այնպես էլ սույն համարում թուրքերենով եւ հայոց լեզվի` Համշենի բարբառով հրատարակվել են համշենահայերի պատմության, լեզվի եւ մշակույթի մասին նյութեր:

Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերից տպագրվող «Գոր» ամսագիրը լույս է տեսնում տարեկան 2 անգամ` վեցամսյա պարբերականությամբ: Այն բաղկացած է երեք հիմնական բաժիններից.

1. Գիտական բաժին, որում ներկայացվում է Համշենի եւ համշենահայության պատմությունը:

2. Լեզվի բաժին, որի նպատակն է Համշենի բարբառին չտիրապետող համշենցիներին սովորեցնել մայրենի բարբառը:

3. Բանահյուսության բաժին, որտեղ հայոց լեզվի Համշենի բարբառով ներկայացվում է Համշենի բանահյուսությունը: