Շնող գետի ջուրն աղտոտվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական ջրերի արտահոսքերից, ինչն առաջացնում է տեղի բնակիչների մեծ դժգոհությունը: Այս մասին Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները բողոքեցին «Թեղուտ» ՓԲԸ-ի հուլիսին կազմակերպած հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Բնակիչների պնդմամբ՝ գետի ջրից անհնար է օգտվել ոռոգման նպատակով: «Հանքավայրը պարզարաններ չունի: Ընդամենը մի քանի վաննաներ ունեն: Մենք տեսնում ենք, որ այդ մաքրման կետը չունեն, ջուրը գալիս ու թափվում է մեր գետը, եւ այդ ջրից օգտվել անհնար է: Քարերին որ նայեք, ամբողջը պատված են գունավոր փառով: Տարիներ անց էլ մաքրման կայան չեն սարքում…մենք չենք տեսել, որ մեր դրված պահանջներից որեւէ մեկն իրագործվի»,- բողոքեցին Շնողի բնակիչները:
«Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ընդունեցին, որ Շնող գետն աղտոտվում է հանքավայրի երկրորդային պարզեցման ավազանի վթարի հետեւանքով տեղի ունեցած արտահոսքերից: Նրանք հայտնեցին, որ արդեն ձեռնամուխ են եղել խնդրի լուծմանը:
Բնակիչների հաջորդ բողոքը աշխատատեղերի կրճատումն է: «Իմ տղան 2 ամիս Թալիշում սահման է պահել: Պահել է, որ իր հորը հեռացնե՞ն աշխատանքից: Ի՞նչ անենք, արտագաղթե՞նք: Եթե պետք է արտագաղթենք, իմ տղան ինչո՞ւ էր այդ հողը պահում... Ես կրճատման տակ եմ: Ասում են՝ գործարանը ֆինանսական խնդիրներ ունի, դրա համար եմ անցել ռեզերվ: Եկել եմ, որ այդ հարցով բողոքեմ...», - ասացին բնակիչները:
Նրանց մյուս բողոքը կապված է ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքի սահմանափակման հետ: Բնակիչները չեն կարողանում հանքավայրի տարածքով ազատ տեղաշարժվել դեպի իրենց հուշահամալիր, սրբավայրեր եւ այլն:
«Դարպասով փակել են ճանապարհի մուտքը, եւ մենք մեր սրբավայր անգամ չենք կարողանում մտնել: Պետք է խնդրել, որ իրենք մեզ անցաթուղթ տան այնտեղ մուտք գործելու համար: Հետո այդ անցաթուղթը պետք է իրենց հետ տալ... Մի խոսքով, այնպես են անում, որ մարդ հոգնի ու չգնա այնտեղ…Ես այնտեղ 22 եղեւնի ու 2 լացող ուռենի ունեի տնկած Հայրենական մեծ պատերազմում զոհված թեղուտցիների հիշատակին: Իրենք եկել, այդ եղեւնիներից մի քանիսը եւ լացող ուռենիներից մեկը ծանր տեխնիկայով արմատախիլ են արել: Աղբյուր ունեմ կառուցած այնտեղ: Իրենք ջուրն անջատել էին: Ես պայքարեցի, եւ այդ ջրի մեկ քառորդը կարողացա վերցնել աղբյուրի համար: Իսկ հիմա Ճանապարհը փակել են, ու մենք չենք կարողանում մտնել անտառի տարածք»,- բողոքեցին բնակիչները:
































