Պաշտոնական տվյալներով՝ առաջին կիսամյակում հանրապետությունում աշխատանքային կենսաթոշակի փաստացի միջին չափը կազմել է ամսական 40422.6 դրամ՝ տարեկան կտրվածքով նվազելով 0.4%-ով: Իհարկե, աշխատանքի վետերանների վաստակած գումարը չեն կրճատել, պարզապես ֆիզիկական ցուցանիշի անկումը կապված է երկրի բնակչության նշված հատվածում համակարգային տեղաշարժերի հետ:

Օրինակ՝ երկարամյա ծառայության համար կենսաթոշակ ստացողների թիվը կրճատվել է գրեթե 1.8 անգամ: Միաժամանակ, այս էլիտար խմբի ներկայացուցիչները մեր իրականության համար բավական բարձր պարգեւ են ստանում իրենց աշխատանքի դիմաց, որը 1.8 անգամ գերազանցում է երկրի միջին կենսաթոշակը:

Բայց վատ է այն, որ կենսաթոշակները շարունակում են բավական ցածր մնալ: Համեմատության համար ներկայացնենք միջին աշխատավարձի նկատմամբ կենսաթոշակի հարաբերակցությունը: Օրինակ՝ Ռուսաստանում այդ ցուցանիշը 38% է, Հայաստանում՝ 22%: Բոլորին է հայտնի, որ աշխատավարձի առումով մենք զգալիորեն զիջում ենք մեր հյուսիսային հարեւանին: Հաշվի առնենք նաեւ, որ Ռուսաստանն իր հերթին այս առումով զգալիորեն զիջում է զարգացած երկրներին:

Կենսաթոշակի հետ կապված խնդիրները բոլորին են հայտնի: Մեր երկրում թոշակառուների թիվը զգալիորեն ավելին է, քան աշխատողներինը, որոնց աշխատավարձից եկամտահարկ է պահվում (որը ներառում է կենսաթոշակային վճարները):

Հայաստանում կենսաթոշակային տարիքը 63 տարեկանն է: 63 եւ ավելի տարեկան անձինք կազմում են երկրի բնակչության 15%-ը: Սակայն իրականում այդ մասնաբաժինն ավելին է, քանի որ աշխատունակ տարիքի մեր բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են արտագնա աշխատանքի: Օրինակ՝ Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների թիվը շուրջ 0.5 մլն է: Նույնիսկ հաշվի առնելով այնտեղ ժամանակավոր գտնվող անձանց (ասենք՝ զբոսաշրջիկներ, գործուղման մեկնածներ եւ այլն), թիվը, ամեն դեպքում, տպավորիչ է:

Սմբատ Գրիգորյան