Իրանն ակտիվացնում է իր հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով թույլ չտալ այդ երկրների ներգրավումը հակաիրանական գործընթացներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Իրաքի պատերազմից հետո Իրանը հայտնվեց կիսաշրջափակման մեջ, իսկ վերջերս էլ Ռուսաստանը՝ Իրանի ոչ վաղ անցյալի դաշնակից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի դիրքորոշմանը համահունչ դիրքորոշում որդեգրեց: Իրանը, որ տեսնում է իր դեմ ուղղված միտումները, այսկերպ փորձում է նման ճանապարհից հետ պահել Հայաստանին եւ Ադրբեջանին»,- կարծում է գործիչը:
Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր Հայաստանի «հեռացումն» Իրանից, եթե հաշվի առնենք, որ Իրանն օդի պես անհրաժեշտ է մեր երկրին, Սաֆարյանը պատասխանել է, որ Իրանը որեւէ կերպ չի կարող հույսը դնել Հայաստանի վրա: «Իրանը տեսնում է, որ Հայաստանն ինքնավերահսկողության չափազանց ցածր մակարդակ ունի, Հայաստանը շատ հեշտ ենթարկվում է արտաքին ազդեցության, անգամ եթե խոսքը վերաբերում է երկրի ազգային շահերին: Իրանն , օրինակ, տեսնում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից, սակայն նա դրսի ճնշման տակ, պահում է դրանք օրակարգում»,- նկատել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
«Իրանը փորձում է բոլոր ուժերով թույլ չտալ հակաիրանական լարվածություն տարածաշրջանում, նա առանց դրա էլ լուրջ խնդիրներ ունի: Հայաստանի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների պահպանումը զսպիչ գործոն են, որի կարիքն ունի Իրանը: Դրանով էլ բացատրվում է ԻԻՀ ակտիվությունը Հարավային Կովկասում»,- ամփոփել է Սաֆարյանը:




























