Եթե Հայաստանում վստահելի իրավական խորհրդատվություն լինի, կցանկանայի այստեղ աշակերտներ սովորեցնել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պոլսահայ արծաթագործ, Antik Silver ընկերության սեփականատեր Ստեփան Բալըքը:
Ընկերությունն արծաթե սպասք է արտադրում եւ արտահանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Իրան եւ այլուր: 2015-ին Բալըքը ներկայացել էր Yerevan Show ոսկերչական ցուցահանդեսին: Իր այցը կազմակերպելիս՝ առիթ էր ունեցել համեմատելու Հայաստանի եւ Թուրքիայի մաքսային ձեւակերպումների դյուրությունը:
«Այստեղ շատ է թղթաբանությունը, կարող է լինել, որ երեք, չորս օր ծախսես։ Մարդ այդքան ժամանակ չունի: Իսկ, ասենք, Թուրքիայից Ամերիկա ապրանք ճամփելու համար մի քանի վայրկյան (րոպե - խմբ) է պետք: Ամենաշատը տաս վայրկյան, ու կլրացվեն բոլոր թղթերը։ Այսօր ուղարկում ես, հաջորդ օրն առավոտյան 11-ին արդեն խանութում է ապրանքդ։ Այստեղ պայմանները մեղմացնեն, մարդիկ կգան։ Կուզեի այստեղ գործ դնել, վարպետների սովորացնել, դրամ վաստակելու համար չէ։ Թող մարդիկ սովորեն, իրենք շահեն։ Մանավանդ, այստեղի վարպետների գործերը տեսել եմ, որոշները շատ լավն են», - ասաց Բալըքը:
Թուրքիայի կառավարությունը արտահանողների համար միշտ ջանում է լավագույն պայմանները ստեղծել, հավելեց նա:
«Թուրքիայի մեջ հասկացություն կա, որ երկիրը արտադրությունից ու արտահանումից դրամ չի առնում։ Եթե տեսնում են՝ աշխատող մարդ է, օգնում են։ Հարկ պիտի տաս՝ 2-3 տարի մի տուր, հոսանքի դիմաց պիտի վճարե՞ս՝ դա էլ կհետաձգեն։ Արտասահման ես գնում, դրսում ապրանքդ ցուցադրելու, մասնացության ծախսերիդ 70%-ը պետությունը հետ կտա: Բայց հարկավ, այս ամենի հետ մեկտեղ բոլոր հաշիվներդ պետությանը ճիշտ պիտի ներկայացնես», - նշեց գործրարը:
Ցանկալի է եթե ոչ արտոնություններ, ապա թերեւս ինչ-որ պարզեցումներ տեսնել նաեւ Հայաստանում, որպեսզի արտասահմանցի գործարարները (այդ թվում՝ հայազգի) չվարանեն այստեղ գործ բռնել, հավելեց նա:





























