«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Բնակիչները Armtimes.com-ին պատմել էին, որ այդ օրը ոստիկանները պայթուցիկ առարկաներ են գցել Սարի թաղի տները, որոնց պայթյունից բազմաբեկորային վնասվածքներ են ստացել: Այդ օրը նույնիսկ 2 ամսական երեխա է հոսպիտալացվել, իսկ 16-ամյա մի տղա կորցրել էր ձախ աչքը: Armtimes.com-ի թղթակիցն էլ միջադեպից րոպեներ առաջ Սարի թաղում ականատես է եղել, թե ինչպես է մի քաղաքացի ասել, որ իրեն վատ է զգում եւ հաբ ընդունել, որից հետո անարգել անցել է ոստիկանական պատը, վերցրել մահակն ու հարձակվել ցուցարարների վրա: 

Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի):

Ի՞նչ է ամֆետամինը

Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի եւ նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից ապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են: Օրինակ՝ ոմն Հ. Համբարձումյանը 2010թ. մայիսին Ա. Մելիքյանից տեղեկանալով առանձնապես խոշոր շափի՝ 15 կգ «ամֆետամին» թմրամիջոցի գնորդի առկայության մասին, դրա վերաբերյալ տեղեկացրել Է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցած Արմեն Բաղդասարյանին: Իրացնելու նպատակով նշված լաբորատորիայում առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա 1 կիլոգրամն Աղվան Վարդանյանին 1500 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ Ա. Մելիքյանի եւ Ա. Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2010թ. մայիսի 19-ին, գնորդ Ա. Վարդանյանին փոխանցելու համար, Երեւանի Նոյ թաղամասում Ա. Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի աղի նմուշը, որից հետո նույն օրը, Ա. Մելիքյանի եւ Ա. Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այն ապօրինի իրացրել Է վերջինիս: Սա փաստում է, որ նման հաբեր ստանալն առանձնապես բարդ բան չէ:

Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը եւ մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ եւ ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը։

Ամֆետամինի վաճառքը

Ամֆետամինը մինչ օրս անօրինականորեն սինթեզվում է գաղտնի լաբորատորիաներում եւ վաճառվում սեւ շուկաներում, հիմնականում՝ եվրոպական երկրներում: ԵՄ անդամ երկրներում, 2013 թվականի տվյալներով, շուրջ 1,2 միլիոն երիտասարդ անօրինական ճանապարհով գործածում են ամֆետամին կամ մեթամֆետամին

Ե՞րբ է այն սկսել լայնորեն կիրառվել

Իսլամական պետության հանցագործների մոլեգնության հետեւում կանգնած են «սարսափի հաբերը»-«կապտագոն» հզոր ամֆետամինը, որը սպանում է խղճահարությունը եւ ֆիզիկական դիմացկունություն տալիս:

«Il Giornale» պարբերականը հրապարակել է Ջան Միկալեսինի հոդվածը, որը պատմել է, որ կապտագոնն առաջին անգամ կիրառվել է Կահիրեում: «Սարսափի միկստուրան» տարածվում էր «արաբական գարնան» հետ մեկտեղ, որպես հեղափոխության երկարացման եւ խստացման դեղ, որն ամբոխին կատաղություն էր տալիս, որոնք պատրաստ էին իրենց զոհաբերել Թունիսից մինչեւ Եգիպտոս, Լիբիայից մինչեւ Սիրիա:

Մահացու ամֆետամինը մղձավանջ դարձավ Մերձավոր Արեւելքի համար. էքստազի մեջ մարդիկ կոտորում եւ սպանում են ժպիտը դեմքին եւ դատարկությունը՝ գլխի մեջ: Առաջին քիմիական թեստերն անցկացրել է Իտալիայի ոստիկանությունը (կարաբիներները): 2013 թ. ժամանելով Լիբիա, որպեսզի փորձեն զինյալների խումբը վերածեն «կանոնավոր բանակի», եւ արյան հետազոտության շնորհիվ նրանք հասկացան, որ պոտենցիալ կուրսանտների առնվազն 30% թմրամոլ է:

Այսօր, կապտագոնն Իսլամական պետության զինյալների մոլեռանդությունը կենդանական վայրենության /ագրեսիվության/ է վերածում: Այս դեղահաբերը, որոնք այժմ արտադրվում են Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում, վերածվել են պատերազմի եւ ահաբեկչության իսկական վառելիքի՝ եզրափակում է հոդվածի հեղինակը:

Տվյալ պրեպարատները թմրանյութ են, որը ոչ միայն բարձրացնում է վստահության զգացմունքը, բայց եւ զրկում է հանգստի ու քնի անհրաժեշտությունից: Մեծ քանակի դեպքում ինտենսիվ հոգեկան խթանում է առաջանում, իսկ ակտիվ անքնությունը կարող է տեւել մինչեւ 3 օր: Հոգեխթանիչների երկար կիրառումը կարող է հոգեկան խանգարումներ առաջացնի, որոնք հաճախ ուղեկցվում են ցնորքներով եւ զառացանքներով, որն ագրեսիայի ծայրահեղ աստիճանի է հանգեցնում (ինչը մինչ այժմ նկատվում է օկուպացված Ուկրաինայում):

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում