Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված եւ արդարացված Արթուր Գեւորգյանին հիմա էլ կասկածում են թմրանյութ օգտագործելու մեջ:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը պատմեց, որ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպից հետո, երբ իրեն կալանավորել են, այդ ժամանակ ստուգել են եւ ըստ ստացված եզրակացության, ինքն իբր թմրանյութ օգտագործած է եղել: Արթուր Գեւորգյանը, սակայն, պնդում է, որ ինքը երբեք թմրանյութ չի օգտագործել եւ սա Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի «ձեռքի գործն» է: Արթուր Գեւորգյանին հրավիրել են քննչական բաժին, որտեղ ինքը մեկ անգամ եւս պնդել է, որ երբեք թմրանյութ չի օգտագործել եւ անգամ օգտագործելու ձեւը չգիտի:
«Ոնց էդ ծեծկռտուքը գլխիս սարքեց ոստիկանապետը, հիմա էլ էդ թմրանյութի պահով են սարքում: Ինձ քննչական բաժին են կանչել, իբր եզրակացությամբ ես թմրանյութ եմ օգտագործել, բայց ես չեմ հավատում էդ արդյունքներին, թող նորից ստուգեն, ես երբեք թմրանյութ օգտագործած չկամ»,-ասաց Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում Արթուր Գեւորգյանի՝ թմրանյութ օգտագործելու մասով քննություն է ընթանում:
Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի գործով հարուցված քրեական գործը կարճվել է՝ ՀՔԾ-ն ոստիկանապետի գործողություններում հանցանք չի տեսել: Հանցանք չի տեսել նաեւ Արթուր Գեւորգյանի գործողություններում, որին որպես մեղադրյալ էին ներգրավել գործում:
Ի դեպ, միջադեպից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ վերականգնվել է:
Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին:





























