Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում ոստիկանների կողմից առերեւույթ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2016թ. հուլիսի 30-ին www.asparez.am լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետեւանքով Գյումրիում կին եւ անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի եւ NEWS.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը  Գյումրի քաղաքում կատարվող  խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել եւ վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:

Ընդհարումից հետո  ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթեւեկությունը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները  փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ  տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:

Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես`  ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են  բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը եւ մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:

Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»: