«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալին է փոխանցել Ժիրայր Սեֆիլյանի կոչը, որով վերջինը Պավլիկ Մանուկյանին խնդրել է դադարեցնել հացադուլը:
«Հանդիպել եմ Պավել Մանուկյանին, անձամբ տեղեկացրել եմ պարոն Սեֆիլյանի կոչի մասին, ինքը լսելով շատ հուզվեց, արտասվեց, որ իր հրամանատարը նման կոչով է հանդես եկել, սակայն, այս պահի դրությամբ դեռեւս շարունակում է հացադուլը»,-ասաց փաստաբանը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակները շարունակում է մնալ ծանր. «Նրանք շարունակում են գամված մնալ մահճակալին, նրանց վիրավորումները խորն են: Պավել Մանուկյանն առաջիկա օրերին պետք է վիրահատությունների ենթարկվի»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանի կալանավորման որոշումն այսօր բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան, իսկ Արամ Մանուկյանինը՝ բողոքարկվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին դադարեցնել հացադուլը:





























