Հայտնի են Դիջիքեմփ նորարարական ճամբար 2016-ի հաղթող նախագծերը: Նորարարական գաղափարներ ունեցող 13-17 տարեկան երիտասարդները հրաժեշտ տվեցին հուլիսի 25 – օգոստոսի 4-ը Հանքավանում անցկացվող «Դիջիքեմփ» իննովացիոն ճամբարին: Թվով չորրորդ, արդեն ավանդական դարձած ճամբարն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության եւ Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ: Դիջիքեմփ 2016-ին մասնակցելու համար ավելի քան 200 հայտերից ընտրվել են 78-ը, որոնք գնահատվել են ըստ ներկայացված գաղափարների եւ հայտարարված չափանիշներին դրանց համապատասխանության:

Դիջիքեմփի բովանդակային առանցքը կազմել են նորարար ձեռներեցության վերաբերյալ դասընթացները, հայաստանյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունների ներկայացումները, մենթորների հետ գործնական աշխատանքը, ինչպես նաեւ մշակութային եւ սպորտային միջոցառումները:

Կիրառելով ստացած գիտելիքները, մասնակիցներից յուրաքանչյուրն ընկերներին ներկայացրեց իր բիզնես գաղափարը, որի արդյունքում 78 նախագծերից հենց մասնակիցները ընտրեցին լավագույն 13-ը եւ դրանց շուրջ թիմեր կազմեցին: Այդ նախագծերը ժյուրիի դատին հանձնելու համար թիմերը նախեւառաջ նորարարական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների մասնակցեցին, որոնց ընթացքում սովորեցին կառուցել բիզնես մոդելներ եւ հստակեցրին գաղափարների ոչ միայն տեխնիկական բաղադրիչները, այլեւ սպառողների սեգմենտավորումը, շուկան, շուկայավարումը եւ եկամտի մոդելը, պարզեցին, թե ընկերությունների զարգացման որ փուլում ինչ ֆինանսավորման հնարավորություններ կան եւ ինչպես գրավել ներդրողներին:

Պատանի նորարարներին իրենց գործունեության մեջ մոտիվացնելու համար անձնական զարգացման դասընթաց է վարել նաեւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով թիմային աշխատանքի դերն ու կարեւորությունը բոլոր հայրենանվեր նախաձեռնություններում:

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 3 նախագծերն (Laser Security, MuBo, SmartBeeBox) արժանացել են դրամական մրցանակների՝ դրանք հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար:

Մասնակիցները արժանացել են նաեւ պատվոգրերի եւ այլ մրցանակների՝ տարբեր սպորտային միջոցառումներում ձեռք բերած հաջողությունների համար։

Ucom ընկերության կողմից սմարթֆոնների տեսքով հատուկ մրցանակների են արժանացել առաջին մրցանակային տեղն զբաղեցրած Laser Security թիմի վեց անդամներ՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Գոռ Վարդանյանը, Քնարիկ Կարապետյանը, Աննա Մովսիսյանը, Դավիթ Սարոյանը, Ռազմիկ Ոսկանյանը, ինչպես նաեւ 3-րդ մրցանային տեղ զբաղեցրած SmartBeeBox թիմի ղեկավար՝ Գարիկ Քյարունցը, Just նախագծի հեղինակ` Նաիրի Հարությունյանը եւ Դիջիքեմփ 2016-ի լավագույն մարզիկ ճանաչված՝ Մարտին Հովհաննիսյանը:

«Կրթությունն է, որ մեզ զինելու է կյանքի ապագա մարտերի համար։ Հիացած եմ, որ այստեղ այնպիսի գաղափարներ հնչեցին, որոնք առ այսօր որեւէ հարթակից չեն հնչել տարիքով ավելի մեծ եւ հետեւաբար՝ առավել փորձառու մասնագետների կողմից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման եւ հաղորդակցության բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը: