ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը վերջապես գրանցել է ԳԱԼԱ կուսակցությունը (Գաղափարակից լիբերալների ալյանս):  Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 5-ին, ասել է ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Արդարադատության նախարարությունը մերժել էր կուսակցության գրանցումը:

Նշենք, որ ԳԱԼԱ  կուսակցությունը նույնպես հայտարարել է հոկտեմբերին սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս հստակ չէ՝ առանձին է մասնակցելու, թե միասնական ցուցակով։ Մինչեւ «Սասնա ծռեր» խմբի ՊՊԾ գնդի գրավումը, կուսակցությունը «Ժառանգության» եւ «Ասպարեզ» լրագրողների ակումբի հետ քննարկում էր միասնական ցուցակով մասնակցելու հարցը։ Տեղեկություններ կային, որ միասնական ցուցակով մասնակցելու դեպքում այն գլխավորելու է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։ Սակայն վերջինս չէր հաստատել այդ տեղեկությունը։

ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակվում են քննարկումները, թեեւ «Ժառանգության» անդամներ Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երկու ամսով կալանավորված են։