Կոսովոյի խնդրի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը պատասխան է տվել մի շատ կարեւոր հարցի. արդյոք, միակողմանի անկախության հռչակումը միջազգային իրավունքի խախտո՞ւմ է, թե` ոչ, եւ դատարանը միանշանակ պատասխան տվեց այդ հարցին, որ դա խախտում չէ: Մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այժմ անդրադառնանք ղարաբաղյան հարցին: Ղարաբաղի ժողովրդին խորհրդային շրջանում ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում, բայց ղարաբաղցիները չեն համակերպվել դրա հետ անգամ ստալինյան բռնապետության տարիներին, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում միակողմանի ինքնորոշվել են: Դա ԽՍՀՄ փլուզման ժամանակ էր: Ի պատասխան, Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի դեմ, որում ղարաբաղցիները Հայաստանի օգնությամբ հաղթանակ տարան: Ահա Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի տարբերությունը: Տարբերությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը հաղթել է սեփական ուժերով, առանց ՆԱՏՕ-ի օգնության, եւ այժմ համբերատար սպասում է այն պահին, երբ միջազգային հանրությունը կճանաչի նրա միակողմանի հռչակված անկախությունը»,- պարզաբանել է Սերժ Սարգսյանը:
Այդ համատեքստում նախագահն ընդգծել է, թե յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները եւ լուծման ուղիները, բայց իրավական մոտեցումները պետք է միատեսակ լինեն:


























