«Սասնա ծռերի» անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանին այսօր՝ օգոստոսի 6-ին, հաջողվել է կապ հաստատել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ եւ փոխանցել նրան Աշոտ Պետրոսյանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Ամիրխանյանն ասել է, որ ինքը դեմ չէ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպմանը, սակայն, այս պահին քաղաքում չի գտնվում եւ օգոստոսի 8-ին է վերադառնալու: Նա նշել է, որ եթե թույլ տան հանդիպել «Սասնա ծռերի» անդամի հետ՝ հանդիպումը կկայանա:

«Ինքը սկզբունքորեն համաձայն է, դեմ չէ հանդիպում ունենալ Աշոտ Պետրոսյանի հետ: Ցավոք սրտի, այս պահին ինքը քաղաքում չէ, երկուշաբթի կվերադառնա եւ էդ ընթացքում կփորձենք պարոն Մանսուրյանի հետ եւս կապ հաստատել, որպեսզի, եթե թույլ տան հանդիպումը կազմակերպվի, այս պահին զանգում եմ պարոն Մանսուրյանին, բայց կապ հաստատել նրա հետ չի հաջողվում»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը ցանկանում է հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել է հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից: Աշոտ Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա ունի հրազենային վնասվածք:

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: