Արագած լեռան վրա արշավախմբի ոտքը վնասած անդամին 2 կմ պատգարակով տեղափոխել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին, ժամը 06.53-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արագած լեռան Քարե լճի մոտակայքում ընկել է՝ վնասելով ոտքը եւ գլուխը. անհրաժեշտ է շտապօգնություն:
Ժամը 07.20-ին կրկին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան վրա (Քարե լճից դեպի հյուսիսային խառնարանի մոտակայք) արշավախմբի անդամներից (3 քաղաքացի) մեկը ընկել եւ վնասել է ոտքը. քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որն անանցանելիության պատճառով մոտ 2-կմ ճանապարհը շարունակել է ոտքով:
Փրկարարներն Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 26-ամյա Ա. Մ.-ին պատգարակով մոտ 2 կմ մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, որտեղ շտապօգնության բժշկը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ տուժածին փրկարարական մեքենայով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:





























