«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանն այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարությամբ է հանդես եկել եւ պահանջել պատասխանատվության ենթարկել իր դեմ մահափորձ կատարողին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ այս հայտարարության վերաբերյալ դեռ մանրամասներ չի կարող ասել, քանի որ Արմեն Լամբարյանին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելուց անմիջապես հետո մեղադրանք է առաջադրվել եւ նրան միանգամից տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցը որոշելու համար:

Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ: