Չնայած սննդամթերքի գները հուլիսին միջինը 2.3 տոկոսով ցածր էին, քան մեկ տարի առաջ, դա ամենեւին էլ չի նշանակում գների համատարած նվազում: Եվ այսպես, պարենամթերքի ամենակարեւոր խմբերից մեկի՝ բանջարեղենի ու կարտոֆիլի մասով գները 7.6 տոկոսով բարձր էին: Ընդ որում գների կտրուկ աճ է նկատվել այնպիսի մթերքների վրա, ինչպիսիք են կաղամբը (գրեթե 1.9 անգամ), բազուկը (1.6 անգամ), սմբուկը ( գրեթե 1.5 անգամ) եւ այլն:
Քանի որ համեմատությունն արվում է անցած տարվա նույն ամսվա հետ, սեզոնային գործոնը այս հարցում բացառված է: Պարզապես խախտվել է պահանջարկի ու առաջարկի միջեւ հարաբերակցությունը: Բայց արդյո՞ք աճել են բնակչության եկամուտները: Պաշտոնական տվյալներով, հունվար- հունիս ամիսներին միջին ամսական նոմինալ աշխատավարձը աճել է 3 տոկոսով: Բայց այստեղ մեկ այլ՝ ավելի ծանրակշիռ գործոն էլ կա:
Հունվար- մայիս ամիսների տվյալներով, արտասահմանից մասնավոր գումարային փոխանցումները կրճատվել են գրեթե մեկ երրորդով: Հարկ է ենթադրել, որ նույն իրավիճակն է եղել նաեւ հունիս- հուլիս ամիսներին: Այստեղից միանշանակ եզրակացությունն է պետք անել՝պահանջարկի ու առաջարկի միջեւ հավասարակշռությունը խախտվել է բուսաբուծական վերոնշյալ ապրանքների ռեսուրսների կրճատման պատճառով:
Պարզ ասած՝ հուլիսի այդ օրերին (մշտադիտարկումը անցկացվում է մինչեւ յուրաքանչյուր ամսվա 20-ը) բերքը ավելի քիչ է եղել, քան մեկ տարի առաջ: Հենց դրանից էլ օգտվել են գյուղացիների ու գնորդների միջեւ միջնորդները: Ամենայն հավանականությամբ սա ժամանակավոր երեւույթ է, ու ապրանքային ռեսուրսների աճի հետ մեկտեղ գները կվերադառնան ելման դիրքերին:
Ավելի վաղ նշել ենք, որ գումարային փոխանցումների խնդիրները անդրադառնոմ են մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկայի վրա: Փորձելով արագացնել ապրանքների իրացումը՝ առեւտրականները մի քիչ նվազեցնում են այն ապրանքների գները, որոնց ռեսուրսները բավարար են: Օրինակ հուլիսին կաթնամթերքը 3.5 տոկոսով ավելի էժան է եղել, քան մեկ տարի առաջ, ձկնեղենը՝ 3.5 տոկոսով, մսամթերքը՝ 4 տոկոսով: Ձուն, որի ապրանքային ռեսուրսները գրեթե ամբողջովին ապահովվում է տեղական արտադրությամբ, էժանացել է 10.3 տոկոսով:
Ինչպես գիտեք, գնաճն իր բացասական հետեւանքները ունի: Այլ հավասար պայմանների դեպքում առեւտրային ու արդյունաբերական ձեռնարկությունների (տեղական շուկայում աշխատող) նաեւ գյուղացիների եկամոիտները կրճատվում են: Հատկապես խոցելի են այս առումով շարքային գյուղացիները, նաեւ փոքր ու միջին բիզնեսը (ՓՄԲ, որի զգալի մասը հենց առեւտրի ոլորտում է աշխատում): Ասվածի անուղղակի ապացույցներից է համարվում 1-ին կիսամյակում ՓՄԲ կողմից հարկերի կտրուկ կրճատումը:





























