38-ամյա Գյուլնարա Ջիվանյանը 2 տարեկան 7 ամսական որդու հետ, ով մանկուց երկրորդ կարի հաշմանդամ է, օգնության կարիք ունի: Տաշիրի տարածաշրջանում ամուսնացած Գյուլնարայի համար երկու աղջիկներից հետո տղայի ծնունդը մեծ ուրախություն է եղել, որը սակայն կարճ է տեւել: Տղայի՝ Հովհաննեսի հետ կապված խնդիրներն սկսվել են երեխայի ծնվելուց երկու օր անց: Մոր խոսքով խնդիրների առաջացման պատճառը բժիշկների անուշադրությունն ու ոչ պատշաճ բժշկական աջակցության տրամադրումն է:
Երեխայի ծննդից մեկ շաբաթ անց պարզվել է, որ երեխան մանկական ուղեղային կաթված ունի: Ու սկսվել են ամենօրյա հոգսերն ու հանրապետության եւ Վրաստանի տարբեր բուժհաստատություններ անվերջանալի այցերը:
Երբ երեխան դարձել է 11 ամսական, հայրը լքել է ընտանիքը: Գյուլնարան ասում է, որ նա ուղղակի չի դիմացել հիվանդ երեխա խնամելու ծանրությանը:
Երեխայի բուժումները շարունակելու համար Գյուլնարան ստիպված է եղել որդու հետ տեղափոխվել Վանաձոր, որտեղ գտնվում է միակ վերականգնողական կենտրոնը: Շուրջ մեկ տարվա ընթացքում մայրը երեխային վերականգնողական բուժման է տարել ինչպես Վանաձորում, այնպես էլ Երեւանի ու Օշականի կենտրոններ:
«Օշականում անցկացված բուժման կուրսը շատ արդյունավետ էր, երեխուս մոտ շատ փոփոխություն եմ զգում»,- ասում է Գյուլնարան:
Հենց սա էլ պատճառ է հանդիսացել, որ Գյուլնարան որոշի տղայի հետ տեղափոխվել Երեւան: «Երեւանում ավելի հեշտ կլինի երեխուն բուժման անելը: Ասել են, որ նրան նաեւ լողի պետք է տանել: Վանաձորի լողի մարզադպրոցում այդ հնարավորությունը չկա: Երեւանում դա էլ կկարողանամ անել»,- ասում է մայրը:
Գյուլնարան արդեն իսկ Երեւանում բնակարան է վարձակալել ամսական 45.000 դրամով: Սակայն դեռեւս չգիտի, թե ինչպես է վճարելու այդ վարձն ու հոգալու տղայի բուժման ծախսերը: Ընտանիքի միակ եկամուտը 23.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն ու որդու հաշմանդամության թոշակն է՝ 21.500 դրամ: Կնոջ խոսքով ամուսնալուծվելուց հետո հայրը մինչեւ օրս ալիմենտ չի վճարել:
Գյուլնարան այժմ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների խնամքով զբաղվող կազմակերպություն է փնտրում, որպեսզի կարողանա նաեւ աշխատել ու հոգալ ընտանիքի կարիքները: Մինչ այդ նա ակնկալում է բարի մարդկանց աջակցությունը:
Հաշվեհամար
Ագբա բանկ - 9051341000267358,
հեռախոս 077837035 Գյուլնարա





























