Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը մեծ դեր ունի եվրոպական արժեքների տարածման գործում: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:
Զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը առնչվող հարցերի: Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն առանձնացրել է հատկապես խորհրդարանի ու մասնավորապես եվրաինտեգրման հանձնաժողովի հետ շփումներն ակտիվացնելու կարեւորությունը` փաստելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազում խնդիրների լուծմանը: Տկն. Զոհրաբյանը ԵՄ-ի դերակատարությունը կարեւոր է համարել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու հարցում՝ որպես լավ նախադրյալ նշելով «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը», ինչպես նաեւ՝ «Արեւելյան գործընկերություն» նոր ծրագրի մեկնարկը:
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը փոխանցել է ԵՄ-ի հետաքրքրությունը ոչ միայն գործադիր իշխանության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու, այլ նաեւ խորհրդարանի եւ, ընդհանրապես, հասարակության տարբեր շերտերի հետ սերտ հարաբերություններ ունենալու հարցում: Նա եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովին աջակցելու պատրաստակամություն է հայտնել եւ նկատել, որ այն մեծ դեր ունի եվրոպական արժեքների տարածման գործում:




























