Հայաստանում առցանց պատվերների համակարգերը միավորվել են տեղական ապրանքների առաջմղման նպատակով:  «Մանր եւ միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը օգոստոսի  8-ին լրագրողներին հայտնել է, որ փոքր արտադրողների համար բարդ է լինում պայմանագրեր կնքել սուպերմարկետների հետ: Եվ այստեղ նրանց պատրաստ են օգնել առցանց պատվերների    menu.am, buy.am եւ crossroad.com համակարգերը: Իրենց մենյուներում նրանք  «Արտադրված է Հայաստանում» բաժին կբացեն: Իսկ փոքր արտադրողներից, որոնք այնտեղ կտեղադրեն իրենց ապրանքները, իջեցված միջնորդավճար կգանձեն: 

Menu.am նախագծի տնօրեն Վահան Քերոբյանը նշել է, որ ամենակարեւորը հայ սպառողին սովորեցնելն է` ուշադրություն դարձնել տեղական արտադրանքին: Եվ այստեղ առցանց հարթակները ոչ թե մրցակիցներ են, այլ` դաշնակիցներ: «Բացի այդ, մեր պատվերների ինչ-որ մասն արտասահմանից է գալիս: Իսկ դա նշանակում է, որ հայկական ապրանքներն ավելի լավ կճանաչեն ոչ միայն տեղի արտադրողները, այլեւ օտարերկրացիների ինչ-որ, թեկուզեւ` փոքր մասը», - նշել է Քերոբյանը: