«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման աշխատանքները: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման եւ անխափան աշխատանքի ապահովման համար: «Յունիբանկի» կենտրոնը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության եւ ապահովության բարձր մակարդակով եւ կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:
«Նման հզոր եւ ժամանակակից կենտրոնի շահագործման հարցը մեզ համար առանձնակի արդիական էր: «Յունիբանկը» Հայաստանի ամենաիննովացիոն բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում եւ անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաեւ հաճախորդների որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: Առաջին անգամ Հայաստանում կառուցվել է նման շարժական կենտրոն, որն առանձնանում է անխախտության բարձր մակարդակով եւ երաշխավորված ապահովում է բանկի բոլոր տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը, - նշեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
«Յունիբանկի» կենտրոնի եւս մեկ առավելությունն իր շարժականությունն է: Ֆորս մաժորային իրավիճակներում կենտրոնը կարող է հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից եւ ապահովում են ավտոնոմ աշխատանք:
«Ժամանակակից բանկային գործում տեղեկատվական ռեսուրսների լիարժեք ռեզերվման ու անխափան աշխատանքի, ինչպես նաեւ մեծ ծավալների տեղեկատվության ապահով մշակման կարեւորությունն ակնհայտ է: Բանկի Տվյալների մշակման կենտրոնը նախագծված եւ կառուցված է առաջատար հաշվողական եւ ինժեներական ենթակառուցվածքների հիման վրա, եւ հագեցված է ժամանակակից սարքավորումներով եւ ծրագրային ապահովմամբ, որը ոչ միայն ապահովում է բանկի առանցքային բիզնես գործընթացների անվտանգությունը, այլ նաեւ հանդիսանում է վստահելի հիմք նոր լուծումների եւ մշակումների ներդրման համար», - նշեց Յունիբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ իննովացիոն նախագծերի գծով տնօրենի տեղակալ Գենադի Լանդաուն:





























