Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամային երեւույթներով եւ նավթի գների անկմամբ պայմանավորված առեւտրական համագործակցության ծավալի նվազման հետ կապված խնդիրների հանգուցալուծման ուղիներ գտնել, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, առեւտրական շրջանառությունը նվազել է մի շարք պատճառներով (համաշխարհային տնտեսության ճգնաժամի, արտահանման ավանդական ապրանքների գների անկման, փոխարժեքային տարբերությունների հետ կապված խնդիրների): Նա նշել է, որ ստեղծված իրավիճակից ելքերի որոնման համար լավ հիմք է ստեղծվել: «Ֆիզիկական ծավալները մենք այնուամենայնիվ պահպանում ենք, բայց մենք իհարկե ունենք հեռանկարային լավ նախագծեր, ընդ որում` ոչ միայն էներգետիկայի, այլեւ` այլ ոլորտներում», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանում ռուսաստանյան գրեթե 600 ընկերություն է աշխատում, իսկ ուղղակի ներդրումները մոտավորապես 1,5 մլրդ դոլար են կազմում: «Մեզ մոտ շարունակվում է համագործակցությունը Կասպից ծովում», - նշել է նա: Երկկողմ համագործակցությունը, հավելել է ՌԴ նախագահը, «ոչ թե թղթի վրա, այլ գործնականում, ռազմավարական համագործակցության բնույթ է ձեռք բերել, ինչը շատ կարեւոր է հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համար»:





























