2015 թվականին Հայաստանի խոշորագույն արեւային էլեկտրակայանն արտադրել է 129450 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Caritas Armenia (որը մասնակցել է էլեկտրակայանի շինարարությանը) բարեգործական կազմակերպության նախագծերի զարգացման համակարգող Տիգրան Պետրոսյանը:
Կայանը տեղակայված է Գյումրիի «Էմիլի Արեգակ» հատուկ պահանջմունքներով երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում: Այսօր այս արեւային կայանը հանրապետությունում խոշորագույնն է (95,25 կՎտ): 2015-ին այն արտադրել է 129450 կՎտ/ժ: Դրանից մի փոքր ավելի՝ 39,5 հազար օգտագործվել է խնամքի կենտրոնում, իսկ մի փոքր պակաս՝ 90 հազար, ընդունվել է ցանցերի կողմից: Նույն տարվա ընթացքում կենտրոնը ցանցից ստացել է մոտ 43 հազար կՎտ/ժ:
Նշենք, որ հարաբերական մեծությամբ այն դեռեւս շատ չէ (2015 թվականին «Հայաստանի էլեկտրացանցերը» ստացել է 6 մլրդ 314,5 մլն կՎտ/ժ):
Պետրոսյանի խոսքով՝ հատուկ երախտագիտության է արժանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, որի ջանքերով Գյումրիի եւ Սպիտակի երկու խոշոր արեւային էլեկտրակայանները հետին թվով 2015-ի հունվարի 1-ից գործելու օրենսդրական հիմնավորում են ստացել, չնայած համապատասխան օրենքն ընդունվել է միայն 2016-ի մայիսին: Այդ օրենքի համաձայն՝ մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային կայանների սեփականատերերը կարող են ցանցին էլեկտրականություն մատակարարել առանց ԱԱՀ-ի եւ իրենց մատակարարումների հաշվին ստանալ էլեկտրականության հաշիվների դուրսգրում:





























