ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանին դանակահարվել է ոչ թե Օպերային հարող տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի, այլ՝ Նորքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 22:45-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 1998թ սեպտեմբեր ամսին ծնված մի պատանի:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պատանին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ։ Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ հուլիսի 30-ին մասնակցել է Ազատության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային, ապա դրան հաջորդած երթին եւ, հասնելով Ֆրանսիական հրապարակ, ցուցարարների միջեւ տեղի է ունեցել բախում, որի ժամանակ էլ գոտկային հատվածում ցավ է զգացել։
Քրեական գործով ձեռնարկվել են բազմածավալ քննչական գործողություններ՝ տուժողի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում, բավարար արացույցներ են ձեռք բերվել, որ իրականում պատանին դանակահարվել է ոչ թե բողոքի ակցիայի ժամանակ, այլ՝ բոլորովին այլ վայրում՝ Նորքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի եւ նախկինում համապատասխան բուժհաստատությունում ստացել է բուժում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
Նախաքննությունը շարունակվում է:





























