Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր անձնական ակտիվ մասնակցության համար:  «Կուզեի առանձնահատուկ կերպով ընդգծել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում», - Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտնել է Ալիեւը: 

Նա հիշեցրել է, որ անցած հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր այդ խնդրին: «Ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում այդ գործընթացին Ձեր անձնական ակտիվ մասնակցության համար», - ասել է Ադրբեջանի նախագահը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը,  «որոնք արդեն վաղուց դուրս են եկել ռազմավարական գործընկերության մակարդակ եւ ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները»: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերն ամրանում են», - հայտնել է Ալիեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: