Աշտարակի Մուղնի թաղամասի բնակիչները բողոքում են էլեկտրաէներգիայի անընդհատ տատնումներից, որի հետեւանքով մուղնեցիներն անընդհատ մեծ վնասներ են կրում: Այսօր՝ օգոստոսի 8-ին, նրանք հավաքվել են Աշտարակի ՀԷՑ-ի «Աշտարակի» մասնաճյուղի դիմաց եւ պահանջել լուծում տալ այդ խնդրին: NEWS.am-ի հետ զրույցում Մուղնիի բնակիչ տիկին Անահիտը նշեց, որ արդեն 4 տարի է էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների հետեւանքով գյուղացիների տեխնիկան փչացել է, որի համար ոչ ոքից փոխհատուցում չեն ստացել:

«Կոնկրետ մեր տանն արդեն երկու համակարագիչ է փչացել, մի սառնարան: Ո՞վ է փոխհատուցելու մեզ, որ սենց են անում: Ամբողջ Աշտարակի մեջ մենակ մեր թաղամասում է, որ մեկ էլ տեսնում ենք՝ լույսերն անջատում են, ուրիշ ոչ մի տեղ նման բան չկա»,-ասաց տիկին Անահիտը:

Նա նշեց, որ «Աշտարակի» մասնաճյուղի դիմաց հավաքված գյուղացիներին այսօր այդպես էլ պատասխան չի տրվել՝ ոչ դրական, ոչ էլ բացասական: Գյուղացիներն սպառնում են, եթե շարունակվի այդ վիճակը, կրկին բողոքի ցույց կանեն: