ՊՊԾ գնդի տարածքում մի քանի օր մնացած ու պատանդ համարվող բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն, քանի որ նրանք հարցաքննվել են գիշերը եւ քննչական մարմինը ոչնչով չի հիմավորել դրա անհրաժեշտությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը, որն ընդգրված է «Սասնա ծռերի» պաշտպանությունն իրականացնելու համար ստեղծված փաստաբանների խմբում:

«Ազատ կամքի արտահայտման պայմաններում գիշերը բուժաշխատողներին ցուցմունքներ են կորզել ու փորձ է արվել հիմնավորել, որ իրենց կամքին հակառակ գտնվել են պատանդի կարգավիճակում: Բուժաշխատողների օգտագործած ձեւակերպումները չափանզանց մեղմ են, համապատասխան չեն այն որակումներին, որ կարելի է տալ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքը որակելու համար: Մենք խիստ կասկածի տակ ենք դնում ցուցմունքների թույլատրելիությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ սխալ է ասել, թե բուժաշխատողները ՊՊԾ գնդում պատանդ են եղել, քանի որ նրանց ազատ արձակելու դիմաց գնդում գտնվողները պահանջել են մեկ այլ բուժանձնակազմ, ինչը նրանց իրավունքն էր:

«Պատանդ կլինեն այն դեպքում, երբ նրանց ազատ արձակելու դիմաց ինչ-որ պահանջ է դրվում պետության առջեւ: Բայց այն, որ նրանք պահանջում էին ապահովել իրենց կյանքի իրավունքը, սա օրինական պահանջ էր, պետությունը պարտավոր է մարդու կյանքի ու առողջության պահպանման համար: Պետությունը պարտավոր էր առանց պահանջ ներկայացնելու փոխարինել բուժանձնակազմին: Այս պահանջի առաջադրումը չի կարելի համարել պատանդներին ազատ արձակելու պահանջ»,- ասաց նա:

Հանգամանքը, որ բուժաշխատողներին պատանդ պահելու համար խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել, իսկ ոստիկաններին պատանդ պահելու համար՝ ոչ, փաստաբանին չի զարմացնում:

«218-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ եթե ենթադրյալ արարքը կատարվել է, այդ արարքից կամովին հրաժարվումը ազատում է պատասխանատվությունից: Ենթադրաբար այս մի դեպքում մի քիչ ուշադիր են կարդացել այդ մասը եւ քանի որ ոստիկաները ազատ էին արձակվել, նրոնց մասով մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Եգորյանը նշեց, որ խմբի անդամների դեմ առաջարված մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում, նրանց բոլորին կալանվորել են ստանդարտ մեղադրանքներով եւ նրանց կատարած գործողությունները անհատականացված չեն ինչպես պետք է լինեին:

Ոստիկանների մահվան դեպքերով, փաստաբանի տեղեկություններով, դեռ ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել:

Նրա խոսքով՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վկայի կարգավիճակում են: