Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց մահացած 28-ամյա Տաթեւ Գասպարյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ Տաթեւ Գասպարյանի մահվանից հետո «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողով է ստեղծվել: Լուրեր են շրջանառվում, որ հանձնաժողովը ժամանակավորապես փակել է ծննդաբերական բաժանմունքը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք «Սլավմեդի» ծննդատան վարիչ Վարդան Ռափյանին, որը հորդորեց դիմել ԲԿ-ի կադրային բաժնի աշխատակից Դիանային: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ տեղեկատվություն տալ:
«Ես արձակուրդում եմ»,- կարճ ասաց Դիանան՝ հրաժարվելով նույնիսկ նշել, թե ինչ պաշտոն է ինքը զբաղեցնում հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ «Սլավմեդ» ԲԿ-ում այս տարվա առաջին յոթ ամիսներին 2 ծննդկան է մահացել: Ապրիլի վերջին մահացել էր 37-ամյա ծննդկան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում: Երկրորդ դեպքը հուլիսի 27-ին էր. կեսարյան հատումով ծննդաբերած 28-ամյա կինը մեկ օր անց մահացել էր:





























