Օրենսդրության պարզեցումը կօգնի Հայաստանից վանակատե իրերի արտահանմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ մեկնաբանելով մայիսին ընդունված «Պետտուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Փոփոխությունների համաձայն՝ վանակատի հանքերի շահագործման տուրքը տարեկան 10 մլն դրամից նվազեցված է 10 հազար դրամի (այսինքն՝ 100 անգամ):
Տարասյանի խոսքով՝ փոփոխված օրենսդրությունը կօգնի ոչ միայն հանքավայրերի ռացիոնալ օգտագործմանը, այլեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Մինչեւ օրենքի ընդունումը Հայաստանում վանակատի հանքավայրերը չէին մշակվում: Վանակատից հուշանվերային իրեր պատրաստվում են, սակայն քարը կամ գնվում է կամ ուղղակի հավաքվում ավազահանքերից:
Մինչ օրս ներքին սպառումը կազմել է 3 հազար տոննա: Հանրապետությունում հետախուզվել է 4 հանքավայր, որոնք որակյալ վանակատի խոշոր պաշարներ ունեն: Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ հանքավայրերից յուրաքանչյուրից կարդյունահանվի 1500-ական տոննա հիմնահող, որից հետո կզատվի քարը: Այդ դեպքում մի հանքավայրից տարեկան եկամուտը կկազմի 10 մլն դրամ (գրեթե 21 հազար դոլար):
«Այսինքն՝ այն ամենը, որ նրանք կաշխատեին, կմուծվեր որպես տուրք: Բնականաբար, ոչ ոք չէր ցանկանում վնասով աշխատել»,- նշեց փոխնախարարը:
Այդ պատճառով վանակատից պատրաստի իրեր քիչ էին արտադրվում եւ գրեթե չէին արտահանվում: «Առավելագույնը արտահանվում էր երկու-երեք տասնյակ կիլոգրամ, որը տեղափոխվում էր անձնական բեռով: Այսինքն՝ տնտեսության համար գործնակում ոչ մի արդյունք չուներ: Հույս ունենք, որ այժմ կունենանք»,- եզրափակեց Էմիլ Տարասյանը:





























