Եվ Ռուսաստանը, եւ Թուրքիան ձգտում են հարաբերությունները հասցնել նոր մակարդակի: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:
«Երկու կողմն էլ վճռականորեն են տրամադրված մեր հարաբերությունները հասցնելու նախաճգնաժամային եւ նույնիսկ ավելի բարձր մակարդակի: Մենք դրա համար քաղաքական կամք ունենք», - ընդգծել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինը եւ ես համանման դիրքորոշում ենք ցուցաբերել երկու երկրի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», - հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ռուսաստանյան խոցված ինքնաթիռի միջադեպից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ներկայումս ընթանում է երկու առաջնորդի մամուլի ասուլիսը:





























