Թուրքիան դրական որոշում է կայացրել  «Թուրքական հոսք»-ի եւ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը վերսկսելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում: 

Նրա խոսքով, տվյալ նախագծի վերսկսման դեպքում Թուրքիան պատրաստ է ապահովել «Թուրքական հոսքով» գազի մատակարարումները Եվրոպա:

««Թուրքական հոսք» նախագիծը եւս կիրականացվի: Մեր շահագրգիռ  նախարարությունների եւ գերատեսչությունների հետ  մենք անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ապահովելու այդ գազամուղով ռուսաստանյան գազի մատակարարումները Եվրոպա», - ընդգծել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրք առաջնորդը նաեւ հայտնել է, որ երկիրը մտադիր է «Ակկույու» ԱԷԿ-ին  «ռազմավարական ներդրման» կարգավիճակ տրամադրել: «Մենք պատրաստ ենք «Ակկույու» նախագծին ռազմավարական ներդրման կարգավիճակ տրամադրել», - ասել է նա:

«Թուրքական հոսք» նախագիծը 2015-ի դեկտեմբերին սառեցվել է ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատացումից հետո: Ածխաջրածինների մատակարարման նոր երթուղին պետք է փոխարիներ «Հարավային հոսքին», որից Ռուսաստանը հրաժարվել էր 2014 թվականին: «Թուրքական հոսքի» ենթադրյալ երթուղին է Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա եւ այնուհետ` եվրոպական երկրներ: