Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համագործակցության եռաչափ ձեւաչափի սկիզբ են դրել: Այս մասին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Նա նշել է, թե հուսով է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան միասին կընդունեն «հարաբերությունների կարգավորման բոլոր անհրաժեշտ քայլերը»:
«Այդ քայլերի արդյունքում, հուսով եմ, որ Մոսկվա-Անկարա բարեկամության առանցքը կվերականգնվի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը եւ Պուտինին անվանել է «թանկագին ընկեր Վլադիմիր»:
Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները: Պետությունների ղեկավարների հանդիպումը տեւել է գրեթե երկու ժամ: Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում «կբացվի երկկողմ հարաբերությունների նոր էջ»:





























