Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունն ապահովելն է: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վաղը Մոսկվայում նախանշված Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմի Պուտինի հանդիպմանը:

Նախարարի խոսքով՝ միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող: Փաստ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում է նկատվում: Եվ այդ ակտիվացման շրջանակում, ըստ նախարարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հատկապես՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, այսօր աշխատանք են տանում, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ եւ քաղաքական ճանապարհով:

«Այն ուղիով, որով Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունն ու նախագահն ընթանում են դեռեւս հրադադարի մասին համաձայնագրի կնքման ժամանակներից եւ մինչեւ հիմա աշխատանքներ են տանում, որպեսզի փոխվստահության շրջանակում, երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով վստահության մթնոլորտի ձեւավորման պայմաններում հակամարտությունը վերջնական լուծում ստանա»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

«Ես միշտ ասել եմ եւ այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վտանգվելու պայմաններում, այսինքն՝ եւս մեկ անգամ ագրեսիայի սանձազերծման պայմաններում Պաշտպանության բանակը՝ հայկական բանակի հետ համագործակցությամբ, ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանվի Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը»,- ամփոփել է նախարարը: