Մոսկվային Բուլղարիայից իրավաբանական երաշխիքներ են անհրաժեշտ «Հարավային հոսք» գազատարի նախագիծը վերսկսելու համար: Այս մասին օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Մոսկվան գիտի, որ բուլղարական կողմը կցանկանար վերադառնալ «Հարավային հոսքին»: «Բայց մենք որոշակի վնասներ ենք կրել այդ նախագծի իրականացումից եվրոպացի գործընկերների մերժման հետ կապված: Այժմ միայն մտադրությունները բավարար չեն, մեզ անհրաժեշտ են իրավաբանական բնույթի բացարձակ երկաթբետոնե երաշխիքներ: Դրանք չկան»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Օգոստոսի 8-ից հաղորդվում էր, որ Ռուսաստանն ու Բուլղարիան պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել, որոնց շրջանակում քննարկվելու էր երկու երկրների համատեղ էներգետիկ նախագծերի վերսկսման հարցը:
Պլանավորվում էր, որ տարեկան 63 մլրդ խորանարդ մետր ընդհանուր թողունակությամբ «Հարավային հոսքը» կանցնի Բուլղարիայի, Սերբիայի եւ Հունգարիայի տարածքներով: Գազատարի շինարարությունը Ռուսաստանը կանգնեցրել է 2014-ի դեկտեմբերին մի շարք եվրոպական երկրների կողմից հակազդեցության ֆոնին: Որպես պատճառ, մասնավորապես, նշվում էր նախագծի վերաբերյալ Սոֆիայի անորոշ դիրքորոշումը:
Այդ գազատարի փոխարեն որոշվեց Թուրքիայի տարածքում կառուցել «Թուրքական հեսքը»: Սակայն կառուցումը կանգնեցվեց 2015-ի վերջին՝ Սիրիայում ռուսական Սու-24-ի խոցման հետ կապված միջադեպից հետո Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կտրուկ սառեցման պատճառով:





























