Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ մեղադրվող 35-ամյա Մարտուն Վարդանյանի կալանքի որոշման բողոքարկումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նա նշեց, որ Մարտուն Վարդանյանին  առաջադրված մեղադրանքն անհիմն է։

«Նա մեղադրվում է խմբին օժանդակելու մեջ, սակայն, դատարան ներկայացված նյութերում ընդամենը մեկ ապացույց կա, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հիմք է հանդիսացել կասկածը հաստատելու: Հեռախոսազրույցի գաղտնալսման արձանագրությունն է այդ ապացույցը, որտեղ զուտ առօրյա խոսակցություն է ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող իր հոր հետ»,-ասաց նա:

Ստեփան Ոսկանյանը նաեւ նշեց, որ Մարտուն Վարդանյանի խնամքին երկու անչափահաս երեխա կա, ընտանիքի միակ աշխատողը Մարտունն է եղել եւ այսօր Վարդանյանների ընտանիքի գտնվում է ծանր սոցիալական պայմաններում: Նշենք, որ Մարտունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին է։