Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկվի: Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հատկացված 200 մլն դոլարի չափով վարկի շրջանակում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, ներպետական գործընթացները՝ ավարտված, եւ զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է:
«Հայաստան սպառազինության ներկրումը, այդ թվում՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, արդեն իրականացվում է: Մենք համագործակցում ենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության շրջանակում գոյություն ունեցող պայմանագրերը մանրամասն ուսումնասիրել եւ վերլուծել ենք: Այս ընթացքում բավական լուրջ աշխատանք է իրականացվել»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը, ըստ նախարարի, չէր կարող այնպես անել, որ այդ պայմանագրերում մեր շահերը լիարժեք հաշվի չառնվեին: «Կարծում եմ՝ հաշվի առնելով այդ ամենը, մեր ռազմավարական գործընկերն իր պայմանագրային պարտականություններն ամբողջությամբ կատարելու է, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ձեռնարկվի»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Նախարարը հիշեցրել է, որ քառօրյա ռազմական գործողությունն ընթանում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: «Եվ հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որպեսզի մարտական գործողությունները դադարեցվեն: Դրա շարունակությունն է, որ այսօր բանակցային գործընթացն ակտիվացել է՝ խաղաղ, քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով»,- հավելել է Սեյրան Օհանյանը:





























