Վանաձորում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ու վանաձորցի երեխաներից կազմված ֆուտբոլային թիմի անդամներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի:

Վանաձորում NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները հավաքվել են Հայքի հրապարակում եւ անընդմեջ անցնում են հրապարակին կից անցումով՝ թույլ չտալով մեքենաներին երթեւեկել:

Ակցիան հսկում են ոստիկաններ, որոնք հորդորում են դադարեցնել այդ գործողությունները: Քաղաքացիները, սակայն, շարունակում են անցուդարձ անել անցումով՝ նշելով, որ դա իրենց իրավունքն է, վարորդները պարտավոր են զիջել, իսկ ոստիկանները՝ ապահովել անվտանգությունը։

Ակցիայի մասնակիցներից Ռազմիկ Եվոյանի մեկնաբանությամբ՝ այս կերպ իրենք իրենց զորակցությունն են հայտնում Սասնա ծռերին։

Ֆուտբոլային թիմի երեխաների մեկնաբանությամբ էլ՝ որոշել են միանալ ակցիային, քանի որ ոստիկաններն իրենց թույլ չէին տվել երեկոյան ֆուտբոլ խաղալ հրապարակի բանուկ մասում: