Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկել են, սակայն երկու երկրների նախագահները պայմանավորվել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին հանդիպել՝ այդ ուղղությամբ տեղեկություններ փոխանակելու եւ լուծումներ գտնելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սիրիական ուղղությամբ կարգավորման հարցում մեր հայացքները ոչ մշտապես են համընկել: Մենք պայմանավորվել ենք, որ առանձին կհավաքվենք արտաքին գործերի նախարարների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, տեղեկություններ կփոխանակենք եւ լուծումներ կփնտրենք»,- ասել է Պուտինը:
Մոսկվան եւ Անկարան այն բանի ընդհանուր ընկալումն ունեն, որ ահաբեկչության դեմ պայքարը համատեղ աշխատանքի կարեւորագույն տարրն է:
«Մենք այդ մասին ավելի մանրամասն կխոսենք»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Դրա հետ մեկտեղ՝ ՌԴ նախագահն ասել է, որ Սիրիայում վերափոխումների կարելի է հասնել միայն ժողովրդավարական միջոցներով:
«Այդպիսին է մեր սկզբունքային դիրքորոշումը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:





























