«Սասնա ծռեր» խմբի  անդամ Հովհաննես Վարդանյանի որդիներից Պարույրը մի քանի անգամ կանչվել է ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը, որը Պարույրի եղբոր՝ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մարտին Վարդանյանի փաստաբանն է: Փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների անդամներին ոստիկանություն կանչելով, ձերբակալելով կամ կալանավորելով, իշխանությունները փորձում են ճնշում գործադրել զինված խմբի անդամների վրա:

Պարույր Վարդանյանն էլ նշեց, որ երբ իրեն տարել են ոստիկանություն, ԱԱԾ, ինքը փաստաբան չի ունեցել եւ իր իրավունքների մասին չի տեղեկացվել:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանը կալանավորվել է «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով:

Հովհաննես Վարդանյանը «Հիմնադիր խորհրդարանի» համախոհներից է եղել, մասնագիտություն չունի, ամուսնացած է, ունի երեք որդի: