Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանն արդեն 10-րդ օրն է՝ հացադուլը շարունակում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն իր հացադուլի մասին հայտարարել էր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում:

Անդրիաս Ղուկասյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ պահանջում է ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ եւ վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցները:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: Բերման է ենթարկվել 165 մարդ, որոնցից 26-ը ձերբակալվել է: