Հայաստանում նոր ակցիզը կարող է բարձրացնել էժան ծխախոտի պահանջարկը: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել «JTI Armenia» ՓԲԸ-ի (Winston, Camel եւ այլ ապրանքանիշներ) գործադիր տնօրեն Արտակ Ղուկասյանը:
Նրա խոսքով, ծխախոտային բիզնեսն ինչ-որ առումով զգացել է 2016-ի մայիսին ակցիզի փոփոխությունը: Ֆիլտրով ծխախոտի համար այն բարձրացվել է 1 հազար հատի դիմաց 5-ից մինչեւ 5,5 հազար դրամ (վերահաշվարկով` մոտ 11,5 դոլարից` 11,7), առանց ֆիլտրի ծխախոտի համար` 1400-ից մինչեւ 1540 դրամ (մոտ 3,2 դոլարից 3,3): Բայց ավելի մեծ փոփոխություններ կարելի է սպասել նոր Հարկային օրենսգրքի հետ կապված, որի համաձայն, ակցիզը ֆիքսվածից կվերածվի մակարժեքայինի: Եթե այժմ ծխախոտի հարկը միասնական է, լինեն դրանք էժան թե թանկ ծխախոտներ, նոր Օրենսդրության պայմաններում թանկարժեք ծխախոտի հարկն ավելի բարձր կլինի: Այլ խոսքով, միջին եւ բարձր արժեքի ծխախոտները կարող են թանկանալ: Այդ դեպքում ծխողները չեն թողնում ծխելը, այլ անցնում են ավելի էժան ծխախոտի: «Մենք նման մի բան ենք սպասում, շուկայի կառուցվածքի փոփոխության», - նշել է Ղուկասյանը:
Կառավարությունը նախատեսել է նոր ակցիզը գործարկել 2017 թվականի հունվարի 1-ից: Այնուամենայնիվ, գործող օրենսդրության համաձայն, հարկային նոր դրույքների անցնելու դեպքում բիզնեսին անհրաժեշտ կլինի հարմարվելու ժամանակ թողնել (օրենքի ընդունումից մինչեւ ուժի մեջ մտնելը պետք է առնվազն 6 ամիս անցնի): Քանի որ Հարկային օրենսգիրքը 2016 թվականի հունիսի 15-ին ընդունվել է 1-ին ընթերցմամբ, 2-րդ եւ 3-րդ ընդունումները հետաձգվել են մինչեւ աշուն, բայց առայժմ պարզ չէ, թե ինչ ժամանակից կգործի ծխախոտի նոր` մակարժեքային ակցիզը:





























